Սյունիքում 15-ամյա պատանին դանակահարել է դպրոցի մոտ ի տես աղջիկների ձեռնաշարժություն արած երիտասարդին

1in.am-ը գրում է․

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Մ.-ի գործի դատական քննությունը:

2003 թվականին ծնված Հայկը ավագ դպրոցի աշակերտ է:

Նրան մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի պահին՝ 2019 թվականի մայիսի 15-ին, Հայկ Մ.-ի 16 տարին դեռ չէր բոլորել:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը14-ն անց 30-ի ահմաններում Հայկը անչափահաս քրոջից տեղեկացել է, որ դպրոցից տուն գալու ժամանակ նա տեսել է՝ ինչպես դպրոցի մոտ կայանած մեքենայի մեջ գտնվող տղամարդը ձեռնաշարժությամբ էր զբաղվում:

Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Հայկը, ըստ մեղադրանքի, հայտնաբերել է հիշյալ տղամարդուն՝ Բարսեղ Մ.-ին (անունը փոխված է), կանգնեցրել է նրա վարած մեքենան, նստել է վարորդի կողքի նստատեղին և իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է Բարսեղին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ նախաբազկի , կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած, որովայնի խոռոչ թափանցող, ստոծանու և լյարդի վնասումներով վնասվածքների ձևով:

Դատարանում Հայկն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում Հայկը հայտնել է, թե ծնողները բաժանված են, իրենք՝ երեք երեխաները, մոր հետ են ապրում: Դեպքի օրը՝ 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 14 –ից մինչև 14-ն անց 30-ի սահմաններում ինքը գտնվել է հարևանի մոտ: Վերջինս մեքենայի վրա գործ էր անում:

Ինքը տեսել է, որ կրտսեր՝ 13-ամյա քույրը դպրոցից տուն է եկել ու անմիջապես գնացել է հարևանուհու մոտ: Մի քանի րոպե անց քույրն ու հարևանուհին դուրս են եկել տանից: Ինքը տեսել է, որ քույրը լաց է լինում: Հարցրել է՝ ի՞նչ է եղել, հարևանուհին ասել է, թե երեխան դասարանցի աղջկա հետ դպրոցից գալու ժամանակ տեսել է, որ դպրոցի մոտ մի մեքենա է կանգնած, որի ղեկին նստած երիտասարդը ուշադիր նայել է նրանց: Մեքենայի մոտով անցնելիս աղջիկները տեսել են, որ երիտասարդը իջեցրել է շալվարն ու խաղում է սեռական օրգանի հետ: Քույրն ասել է, թե ընկերուհին գիտի այդ մեքենայի համարանիշը, որովհետև նախկինում էլ է տեսել նրան:

Ինքը քրոջ ու հարևանների հետ գնացել է քրոջ դասընկերուհու տուն: Նրա մայրն ասել է, թե դուստրը արդեն երկու օր է՝ լաց լինելով է տուն գնում, հայրն էլ տանը չէ, երբ վերադառնա, նրան հայտնելու են՝ ինչ է կատարվում, որ այդ հարցին լուծում տան…

Քրոջ դասընկերուհին հայտնել է մեքենայի համարանիշը, իսկ քույրը՝ մակնիշը: Իրենք վերադարձել են իրենց թաղամաս: Ինքը մտել է տուն, փոխել է շորերը: Շալվարի գրպանում դանակ կար:

Հիշել է, որ ինքն էլ է տեսել աղջիկների ասած մեքենան: Հարևանին խնդրել է իրեն մեքենայով տանել այնտեղ, որտեղ տեսել էր այդ մեքենան: Քույրն ասել է, թե գալիս է, որ ճանաչի այդ երիտասարդին: Հարևանուհին էլ եկել է, որ քույրը մենակ չլինի:

Երբ գնացել են իրենց հարկավոր թաղամաս, անմիջապես տեսել են իրենց փնտրած մեքենան, որը երթևեկում էր: Ինքը ձեռքով նշան է արել, որ նա կանգնի: Իրենք իջել են մեքենայից: Իր կանգնեցրած մեքենայի մեջ միայն վարորդն էր: Ինքը մոտեցել է վարորդի դռանը, քույրը եկել է իր հետևից: Իր հարցին քույրը պատասխանել է, թե հենց այդ երիտասարդին է տեսել: Երիտասարդը փորձել է մեքենան վարել ու հեռանալ, բայց ինքը պահանջել է, որ կանգնի: Նկատել է, որ նա վախեցած է: Ինքը այդ պահին ահավոր ջղայնացած էր, ցանկանում էր նրան վնաս տալ, որ ցավ զգա ու այլևս նման բան չանի: Գնացել, նստել է վարորդի կողքի նստատեղին: Գնալու ընթացքում շալվարի գրպանից հանել է դանակը, սեղմել է կոճակը ու բացել է դանակը: Երբ նստում էր մեքենա, այդ տղան երևի տեսել է դանակը, ձեռքը բերել է դեպի իրեն, ինքը հարվածել է նրա ձեռքին, մի անգամ էլ հարվածել է փորի աջ մասին, հետո դուրս է եկել նրա մեքենայից: Վարորդը մեքենան վարել ու հեռացել է: Ինքը դանակով հարվածելու ժամանակ վնասել է աջ ձեռքի բութ մատը: Դանակը գնել էր մեկ տարի առաջ: Դեպքից հետո այն դեն է նետել:

Ըստ Հայկի՝ իր գործողությունները պայմանավորված էին նրանով, որ քույրը վախեցած էր, ինքը ցանկանում էր այդ տղային ցավ պատճառել:

Տուժող Բարսեղ Մ.-ն հայտնել է, թե ամբաստանյալին չի ճանաչել: Դեպքի օրը ինքը գնում էր տուն՝ ընդմիջում անելու: Երբ հասել է դպրոցի մոտ, կինը զանգել է, ինքը կանգնեցրել է մեքենան, որ հեռախոսով խոսի: Այդ ժամանակ մեքենայի կողքով դպրոցական աղջիկներ են անցել, ինքը սովորականի նման նայել է նրանց: Հնարավոր է՝ այդ պահին քոր է զգացել շեքի շրջանում, քորել է: Ինքը ձեռնաշարժությամբ չի զբաղվել: Մի քանի րոպե կանգնելուց հետո գնացել է տուն, հաց է կերել: Հետո դուրս է եկել տանից, շարժվել է դեպի կենտրոն: Խաչմերուկ չհասած՝ մի մեքենայից իրեն ձեռքով են արել, որ կանգնի: Կանգնել է: Այդ մեքենայից իջել են մի կին, մի աղջիկ ու ամբաստանյալը: Վերջինս աղջկան հարցրել է՝ սա՞ էր: Նա էլ ասել է՝ հա: Ամբաստանյալը հարցրել է՝ դա ի՞ր մեքենան է, միշտ ի՞նքն է վարում: Ինքը պատասխանել է՝ հա: Ամբաստանյալը մեքենայի դիմացով եկել, նստել է իր կողքի նստատեղին ու երկու անգամ դանակով հարվածել է իրեն: Դրանից հետո նա իջել է մեքենայից, իսկ ինքը շատ արագ գնացել է բարեկամի տուն, ասել է, որ վատ է զգում: Իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողը ամբաստանյալից որևէ պահանջ չի ունեցել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն անչափահաս է, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, իրեն մեղավոր է ճանաչել:

Հայկ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

 

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված